• June 27, 2021
  • Արամուս. Կոտայք

Նոր բնակարան/Երկորդ անգամից: Օգնություն

Թեհմինե Հարությունյանի կյանքի պատմությանը մեր հեռուստադիտողները ծանոթացան  Կիսաբաց Lուսամուտներ հաղորդաշարի 2015 թվականի հունիսի 4-ին եթեր հեռարձակված <<Երկրորդ անգամից>> վերտառությամբ թողարկման միջոցով։ Ընտանիքը շրջապատված սոցիալական ու կենցաղային բազմաթիվ խնդիրներով, ապրում էր տնակում՝ առնետների և կարիճների ընկերակցությամբ։  Թեհմինեի կյանքում տարիները քիչ բան կփոխեին, եթե չսկսվեր Արցախյան վերջին պատերազմը։ Մարտական գործողությունների վերսկսվելուն պես, Թեհմինեի ամուսինը՝ Արթուրը, որը առաջին պատերազմի մասնակից էր, շտապեց Արցախ՝ հերթական անգամ իր օգնությունն ու ծառայությունը մատուցելու հայրենիքին։ Ցավոք հոկտեմբերի 10-ին Արթուրը զոհվեց։Թեհմինեին կարիքի և կորստի ցավի հետ միայնակ չթողեց Կիսաբաց Լուսամուտներ բարեգործական հիմնադրամը՝ ի շնորհիվ կազմակերպության լավ ընկեր ու բարերար, ԱՄՆ-ում բնակվող,  <<Armenian  Brigade >>  բարեգործական ակումբի փոխնախագահ՝  Հարութ Բոգարյանի և նրա ընտանիքի։Բոգարյանների ընտանիքը Թեհմինեի և նրա երկու զավակների համար կառուցվելիք տան շինարարությունը սկսեց ամիսներ առաջ։ Այսօր արդեն ընտանիքը վերջնականապես հրաժեշտ կտա Կոտայքի մարզի Արամուս համայնքում գտնվող կիսաքանդ տնակին և կտեղափոխվի այն տանն ապրելու, որը կառուցել ու կահավորել են Բոգարյանները։Հարութ Բոգարյանի համար այս տան կառուցումն ու բարեգործությունը Թեհմինեի ընտանիքին հատուկ նշանակություն ունի։ Սեպտեմբերի 27-ին, երբ լսեց պատերազմի մասին լուրը, րոպե առաջ ուզում էր լինել Արցախում՝ հայ զինվորի կողքին։ Պատերազմի օրերին բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած ընտանիքը, հավատարիմ մնալով հայրենիքին օգտակար լինելու գաղափարին, այսօր էլ շարունակում է իր հնարավորությունների ներածին չափով կանգնել Հայաստանում ապրող կարիքավոր մարդկանց կողքին։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ